March 15

1.Մինչև իր ներկայիս անվանումը ստանալը Գյումրին կոչվել է ԿումայրիԱլեքսանդրապոլԼենինական:

2.Գյումրին համարվում է Հայաստանի մեծությամբ 2-րդ քաղաքը՝ զիջելով միայն մայրաքաղաք Երևանին:

3.Գյումրու մասին ամենահին հիշատակությանը հանդիպում ենք Քսենոֆոնի «Անաբասիս» ստեղծագործության մեջ: Նա անցնելով Շիրակի դաշտավայրով, տեսել է, որ մարդիկ կավից մեծ կարասների մեջ ինչ-որ բան են պահում. դա պաղ ջուր է եղել, վրան էլ՝ գարի:

4. Գյումրիում է հիմնվել առաջին հայկական թատրոնը և ցուցադրվել առաջին օպերան:

5. Գյումրին արհեստավորների քաղաք է, խորհրդանշական է, որ յուրաքանչյուր արհեստ իր դրոշն է ունեցել:

6.Գյումրու 3 բերդերը՝ Սև , Կարմիր և Պայտաձև կանգուն են մինչև հիմա: Սև բերդից ստորգետնյա ուղիներ են կառուցվել դեպի Մայր Հայաստան և Կարմիր բերդ:

7.Քաղաքի յուրատեսակ խորհրդանիշներից են մետաղյա բաժակները, Գյումրու բարբառով՝ «մուշուրբաները»:

8.Գյումրիի եկեղեցիներից մեկը տեղացիք անվանում են «Պլպլան ժամ». ռուսների կողմից կառուցված այս եկեղեցու գմբեթը մետաղյա է և արևի բացվելուն պես սկսում է փայլել:

9.Գյումրու պատմական կենտրոնը զարդարող քարե սալիկները շարվել են փողոցներում 1940-ականներին` գերմանացի ռազմագերիների ձեռքով։

10. Հայաստանում գործող ամենահին վարսավիրանոցը, որը կառուցվել է 1941թ.-ին  մինչ օրս էլ ընդունում է իր հաճախորդներին:

March 14

Մարզկենտրոնը`   Վանաձոր
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Գուգարքի շրջան, Թումանյանի շրջան, Սպիտակի շրջան, Ստեփանավանի շրջան, Տաշիրի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   8 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   105 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   122 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   3,789 կմ²
Ամենաբարձր կետը`   Թեժ լեռ (3107 մ)
Ամենացածր կետը`   308 մ
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)`   392,300 մարդ
Բնակչության խտությունը`   103.5/կմ²

Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով կապվում է :

Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Այստեղ X-XIդդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն`   Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:
Բնական ռեսուրսները և հարստությունները
Լոռու մարզն ընգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ: Մակերևույթին բնորոշ են ընդարձակ լեռնաշղթաները, աստիճանակերպ լանջերը, լավային սարավանդները, անդնդախոր ձորերը: Առանձնանում են Փամբակի ու Լոռու գոգավորությունները և Լոռու ձորը:
Գոգավորությունները միմյանցից բաժանվում են Բազումի լեռնաշղթայով: Այստեղ է գտնվում Պուշկինի լեռնանցքը, որտեղով անցնում է խճուղին, որտեղով 1828թ. Էրզրում մեկնելիս անցել է Ալեքսանդր Պուշկինը:
  Մարզի հիմնական ջրային զարկերակը Դեբեդ գետն է`   Ձորագետ, Փամբակ, Մարց վտակներով: Մարզը հարուստ է հանքային աղբյուրներով:
Լոռու մարզում տիրապետող են անտառը, լեռնատափաստանային ու մերձալպյան բուսականությունը:
Մարզի բնակչությունը
Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով: Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է:
Քաղաքները
Լոռու մարզի մարզկենտրոնը Վանաձորն է (նախկինում կոչվել է Մեծ Ղարաքիլիսա, Կիրովական), որն անցած դարասկզբին եղել է ոչ մեծ գյուղաքաղաք: Որպես քաղաքային բնակավայր ձևավորվել է 1930-ական, իսկ բուռն զարգացում ապրել է 1950-ական թվականներից սկսած: Այժմ Վանաձորը Հայաստանի Հանրապետության բազմաճյուղ արդյունաբերություն, ինչպես նաև կրթական, գիտական, առողջապահական, ու մշակութային հիմնարկների համեմատաբար զարգացած ցանց ունեցող կենտրոններից է, երկաթուղային ու ավտոխճուղային ճանապարհների կարևոր հանգույց: Վանաձորը իր մարդաշատությամբ երկրի երրորդ քաղաքն է:
Լոռու մարզի մյուս քաղաքներն են Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, Տաշիրը, Թումանյանը, Շամլուղը, Ախթալան:
Ալավերդին նշանավոր է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջին այստեղ կառուցվել է Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը`   «Մանես» պղնձաձուլական գործարանը: Նա եղել է մետալուրգիայի ամենահզոր ձեռնարկությունը անդրկովկասում և տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի 1/4 մասը: 1980-ական թվականների վերջերին շրջակա միջավայրը աղտոտելու պատճառով արտադրությունը կանգնեցվեց: Այժմ աշխատում է իր հզորության մի մասով միայն:
1988թ. աղետալի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաև Լոռու մարզի արդյունաբերությանը: Շատ գործարաններ ու ֆաբրիկաներ հիմնովին ավերվեցին: Այժմ դրանց մի մասը վերականգնվում ու վերագործարկվում է:
Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:
March 4

Մեղրու բերդ
Մեղրու բերդի մասին առաջին պատմական տեղեկատվությունը տալիս է Սյունյաց աշխարհի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, ըստ որի 1083 թվականին բերդն արդեն կանգուն էր և հայտնի։ Բերդի կառուցման ժամանակը ճշգրիտ հայտնի չէ, սակայն ամենահավանականը Սյունիքի թագավորության ստեղծման և հզորացման տարիներին՝ 10-րդ դարի վերջ – 11-րդ դարի սկիզբ։ Հետագա դարերում Մեղրու բերդը չի հիշատակվում, բայց ակտիվ դեր է խաղացել Սյունիքի հարավային գավառում՝ Արևիքում տեղի ունեցած բոլոր պատերազմական գործողություններում։ Այդ պատերազմների հետևանքով բերդը ենթարկվել է բազմաթիվ ավերածությունների ու վերակառուցումների, որի պատճառով դժվար է վերականգնել նրա սկզբնական հորինվածքը։ Պատերազմները Մեղրիում սկսվում են 18-րդ դարի սկզբին, Կապանի անկախ իշխանության կողմից թուրք նվաճողների դեմ մղած կռիվների ժամանակ։ Բերդի մասին Ալիշանը գրում է.

Որոտնավանք
միջնադարյան վանական համալիր Հայաստանի Սյունիքի մարզում։ Գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք, Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա։ Հիմնադրվել է 1000 թվականին Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից։ Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ Որոտնավանքի հնագույն՝ Ս.Գրիգոր միանավ եկեղեցին (ավերվել է սելջուկների հարձակումներից ու երկրաշարժերից) հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, վերակառուցել՝ հայր Ստեփանոս ճգնավորը։ Եկեղեցին միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի։ Ս. Գրիգոր եկեղեցու մոտ՝ նրա հյուսիսարևելյան կողմում, 1000 թվականին կառուցվել է թաղածածկ, հյուսիսային պատին կից երկու ավանդատնով, հարավից սյունասրահով Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, նրա գավիթը, տնտեսական շինությունները, հիմնվել է մեծաթիվ միաբանությամբ վանք։ Շահանդուխտի կրտսեր որդի, Սյունյաց Վասակ թագավորի եղբայր իշխան Սևադան Որոտնավանքի արևելյան կողմում 1006 թվականին կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին և նրան կից /արևմուտքից/ կամարակապ գավիթ-սրահը։

February 26

Մարզկենտրոնը`   Կապան
Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Գորիսի շրջան, Կապանի շրջան, Մեղրիի շրջան, Սիսիանի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   7 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   106 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   128 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   4,506 կմ²
Բնակչությունը խիտ չէ
Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով առաջինն է Հայաստանում: Նախկինում Սյունիք (Սիսական) անունով կոչվել է Մեծ Հայքի իններորդ նահանգը: Ներկայիս Սյունիքի մարզը զբաղեցնում է պատմական Սյունիքի մի հատվածը միայն:

Նախկինում Սյունիքի տրանսպորտային-աշխարհագրական դիրքը խիստ անբարենպաստ էր: Այժմ Արաքս գետի նոր կամրջի կառուցումով Սյունիքը խիստ կարևոր տարանցիկ նշանակություն է ձեռք բերում: Նրա միջոցով Պարսից ծոցը և Իրանը կապվում են Հայաստանին, Վրաստանին ու Սև ծովին:
Բնական պայմանները և հարստությունները
Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը`   3906մ) և ամենացածր (Մեղրու կիրճում`   375մ) :
Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը հասնում է մինչև 800մ-ի: Այստեղ գետն անցնում է բնության կերտած «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը:
Հայտնի են Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և բազմաթիվ այլ հանքային աղբյուրները:
Բնակչությունը
Սյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել օտար զավթիչների արշավանքների ժամանակ: Աշխարհագրական աննպաստ դիրքը և ռելիեֆային բարդ պայմանները խթանել են բնակչության մշտական արտահոսք: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է:
Քաղաքները
Սյունիքի մարզում համեմա­տաբար շատ են քաղաքները`   Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ: Մարզի բոլոր քաղաքները երիտասարդ են:  Գորիսը քաղաք է դարձել դեռևս ցարական իշխանության օրոք (1885թ.):
Սյունիքի մարզկենտրոնը`   Կապանը, հանրապետության հարավ-արևելյան տարածաշրջանի ամենախոշոր քաղաքն է: Գտնվում է Խուստուպ լեռան ստորոտին, Ողջի գետի ափերին, որը քաղաքի սահմանում իր մեջ է ընդունում Վաչագան ու Կավարտիջուր վտակները:
Կապանի աշխարհագրական դիրքը համեմատած ՀՀ գլխավոր քաղաքների հետ պակաս նպաստավոր է: Քաղաքը հեռու է հանրապետության տնտեսական կենտրոններից (Երևանից 320կմ):
Այստեղ էին հայերը ձուլում թնդանոթներ Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի ժամանակ: Ներկայիս Կապան քաղաքը ձևավորվել է 1930-ական թվականներին այդ հանքերի և մի քանի գյուղերի հիման վրա:
Քաղաքը մեծապես տուժեց 1990-1992թթ. ադրբեջանական ռմբակոծություններից և տրանսպորտային շրջափակումից:
 2020թ-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև մղված ծանր պատերազմի ընթացքում Սյունիքի մարզը ևս հողային որոշակի կորուստներ ունեցավ:
* * *
Սյունիքի մարզում`   Ծավ գետի ավազանում, գտնվում է Սոսու պուրակը: Ըստ ավանդության պուրակը ստեղծվել է հնագույն ժամանակներում, և ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ են արել:
Տեսարժան վայրեր
Ուղտասար
Հայաստանի քիչ հայտնի տեսարժան վայրերից մեկը գտնվում է Ուղտասար լեռան գագաթին: Լեռան հոյակապ տեսարանից ու փոքր լճակից բացի, այստեղ կան նաեւ բազմաթիվ նախապատմական պետրոգլիֆներ, որոնց տարիքը 4000-7000 տարեկան է: Այդ քարերին փորագրված խորհրդանիշները հիմնականում պատկերում են կենդանիների, որոնք ժամանակին ապրել են Հայաստանում (ներառյալ՝ ոչ միայն ձիեր եւ այծեր, այլ նաեւ մուֆլոններ, հովազներ, առյուծներ եւ արջեր), եւ որսորդների ու որսորդական/մարտական գործիքներ, ինչպիսիք են նետն ու աղեղը, նիզակն ու վահանը:
Շաքիի ջրվեժ
Այս իսկապես ոգեշնչող հրաշքը՝ Շաքիի ջրվեժը, բնության անբասիր գեղեցկության եւ ուժի մարմնավորումն է: Այն միեւնույն ժամանակ նաեւ ամենաբարձր ջրվեժն է Հայաստանում՝ 18 մետր բարձրությամբ: Այն գտնվում է Սիսիանից 6 կմ հյուսիս-արեւմուտք, Որոտան գետի ձախ ափին:
Որոտնավանք
Որոտնավանք վանական համալիրը գտնվում է Վաղատին եւ Որոտան գյուղերի միջեւ, Որոտան գետի հովտին նայող ժայռի վրա: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Սբ. Ստեփանոս եւ Սբ. Կարապետ: Գլխավոր, ավելի հին Սբ. Ստեփանոս եկեղեցին 1000 թ. կառուցել է Շահանդուխտ թագուհին, իսկ հարեւանությամբ գտնվող Սբ. Կարապետը դրանից մոտ 6-7 տարի անց կառուցել է նրա որդին՝ Սեւադան: Այս համալիրում է ապրել եւ աշխատել 14-րդ դարի հայ փիլիսոփա եւ աստվածաբան Հովհան Որոտնեցին՝ Տաթեւի վարդապետարան-համալսարանի հիմնադիրը:
Մելիք Թանգու կամուրջ եւ Որոտնաբերդ
1855 թ. Սյունիքի Մելիք Թանգու կողմից Որոտան գետի վրա կառուցված այս կամուրջը գտնվում է Սիսիանից մոտ 20 կմ արեւելք, երբեմնի հզոր Որոտնաբերդի փլատակներից ներքեւ գտնվող կիրճում: Բերդը բազմիցս գրավվել եւ ազատագրվել է, սկսած 450 թվականից, երբ ազատագրվել էր Վարդան Մամիկոնյանի կողմից, այնուհետեւ անցնելով սելջուկների եւ Լենկ Թեմուրի կողմից նվաճման ժամանակահատվածը, մինչեւ 18-րդ դարի ազատագրումը Մելիք Բաղրուց Դավիթ Բեկի կողմից:
Զբոսաշրջային այլ վայրերի թվում են Սիսավանն ու Աղիտուի հուշակոթողը, ինչպես նաեւ մարզի ամենահայտնի տեսարժան վայրերը՝ Տաթեւի վանքն ու Զորաց Քարերը (Քարահունջը):
February 26

Մարզկենտրոնը`   Եղեգնաձոր
Մարզի կազմավորման թիվը՝ 1996թ.
Տարածաշրջանները`   Վայքի շրջան, Եղեգնաձորի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   41 համայնք
Ընդհանուր տարածքը`   2,308 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի տվյալների)`   55,8 հզ

Ընդհանուր նկարագիր 

ՀՀ Վայոց ձորի մարզը շրջապատված է բարձր լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով, որոնք, յուրահատուկ բնական պատնեշներ հանդիսանալով նրա և հարևան տարածքների միջև, այն դարձնում են աշխարհագրական մի ամբողջություն:
ՀՀ Վայոց ձորի մարզն ունի կենդանական և բուսական բազմազան աշխարհ: Տարածքի 5.7%-ը կամ 13240.1 հա կազմում են բնական անտառները: Արտակարգ խայտաբղետ է մարզի մակերևույթը: Հրաբխային ուժերը, երկրաշարժերը, Արփա գետի և դրա վտակների ջրերն առաջացրել են տարբեր ուղղություններով ձգվող բազմաթիվ լեռնաշղթաներ`   մեծ ու փոքր գագաթներով, խորհրդավոր ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որի ամենավառ օրինակն է Ջերմուկի հիասքանչ ջրվեժը (60 մ):
ՀՀ Վայոց ձորի կլիման ընդհանուր առմամբ ցամաքային է`   ցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով: Օդի առավելագույն աստիճանը հարավային շրջաններում հասնում է + 41օ C-ի, իսկ բացարձակ նվազագույնը`   -35օ C-ի: Տեղումները կազմում են տարեկան 300-ից 700 մմ:
Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը գյուղատնտեսությունն է: Գյուղացիական տնտեսությունները հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ: Արդյունաբերության ոլորտում հիմնականում զարգացած են ոչ ոգելից ըմպելիքի`   «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև խաղողի գինու արտադրությունները: Մարզում ակնհայտ են ներքին և արտաքին զբոսաշրջության զարգացման մեծ հեռանկարները:
Մարզի բնակչությունը
Վայոց Ձորի մարզը աչքի է ընկնում բնակչության ոչ միայն ամենափոքր բացարձակ թվով, այլև ամենացածր խտությամբ ՀՀ-ում:
Հնագիտական պեղումներով պարզվել է, որ Վայոց Ձորի տարածքը բնակեցված է եղել բրոնզի դարից սկսած: Այն նույնպես բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների ասպատակությունների ու ավերածությունների: Եղել են զանգվածային ջարդեր ու բռնագաղթեր: Փոխվել է բնակչության թվաքանակն ու կազմը: Հայ բնակչության առաջին զանգվածային վերադարձը տեղի է ունեցել 1828-1829թթ.: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Իրանի Խոյ և Սալմաստ գավառներից այստեղ հիմնադրված հայ ընտանիքները ավելացրին մարզի բնակչության քանակը:
Քաղաքները
Մարզի երեք քաղաքներն էլ`   Եղեգնաձորը, Ջերմուկը և Վայքը փոքր քաղաքներ են: Մարզկենտրոնը`   Եղեգնաձորը, պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Այն եղել է տարբեր հայ իշխանական տների աթոռանիստը: Ռուսաստանին միանալու պահին նա մի փոքր գյուղ էր, որն աճեց Պարսկաստանից գաղթած հայ ընտանիքների հաշվին: Նրա աճը նկատելի դարձավ 1931թ. հետո, երբ դարձավ վարչական շրջանի կենտրոն:
Մարզում առանձնահատուկ տեղ է գրավում Ջերմուկ քաղաքը: Նա առաջնակարգ առողջարանի հռչակ ունի: Ամեն տարի քաղաքի սանատորիաներում իրենց առողջությունն են վերականգնում ու հանգիստ են անցկացնում Հայաստանի ու արտասահմանի հազարավոր քաղաքացիներ: Այստեղ է կատարվում հանրահայտ «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումը և առաքումը աշխարհի տարբեր երկրներ:
February 14

Հայ Առաքելական  Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է փետրվարի 14-ին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդից (հունվարի 6) քառասուն օր հետո։
   Տեառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Փետրվարի 14- ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնությամբ այդ օրը հռչակվել է նաեւ ընտանիքի տոն։

Տոնի քրիստոնեական խորհուրդը։ Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ «Տյառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ:
Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն, ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը՝ մաքրագործում: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ նա ճանաչում է Փրկչին և ընդառաջ է գալիս Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:

Տոնի ժողովրդական ավանդությունը։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսի զգեստի փեշը`ընդամենն անզգուշոթյուն է, իսկ եթե ընդհանրապես չեք հասցրել կրակ վառել, ցատկել վրայով, պետք չէ նեղսրտել և սնոտիապաշտությամբ տառապել մինչև հաջորդ Տյառնընդառաջի տոնը:

Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ. հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը (եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արևմուտք` համարել են, որ երաշտ կլինի): Ծխի ուղղությամբ փորձել են գուշակել, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Տրնդեզի մոմերով կամ ջահերով հատուկ պար է եղել նորապսակների համար: Յոթ ամուսնական զույգեր մոմերով կամ ջահերով շրջապատել են պարող նորապսակներին` չարքերից պաշտպանելու համար, և նրանք պարել են այդ շրջանակի մեջ:

Հետաքրքիր սովորություն է եղել Մուսա լեռան շրջանի հայության շրջանում, որի մնացուկներն այժմ էլ կարելի է գտնել գյուղերում՝ մեծահասակների հիշողության մեջ, երբ տանտիկինը, բացելով դուռ ու լուսամուտ, քշում էր ձմեռ-շվոտը («շվոտ»-ը փետրվար ամսի արաբերեն բառի` շուբաթի աղավաղված ձևն է) և ներս հրավիրում գարուն-մարտը։

Ըստ ժողովրդական ավանդույթի՝ Տյառնընդառաջի օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները: Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։ Տյառնընդառաջի տոնին էր, որ նորափեսան պսակից հետո առաջին անգամ հանդիպում էր աներոջ հետ: Այդ պատճառով ժողովրդական ավանդության մեջ Տյառնընդառաջն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու տաբուն վերացնելու հիմնական առիթ: Նախկինում պարտադիր կարգի համաձայն՝ նորապսակ երիտասարդներն իրավունք չունեին հարսի ծնողների եւ հատկապես աներոջ հետ հանդիպել: Եվ Տրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը, ինչից հետո երիտասարդներն իրավունք են ստացել այցելել ծնողների տուն: Այս է պատճառը, որ Տյառնընդառաջը ժողովրդական ավանդույթի համաձայն վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին:

February 8

Երկարություն`   78 կմ
Լայնություն`   56 կմ
Մակերես `  1243 կմ2
Ծավալ`   33.2 կմ3
Ամենամեծ խորություն`   100 մ
Միջին խորություն`   30 մ
Թափանցելիություն`   4.5 մ
Ավազանի մակերես`   3647 կմ2

Սևանա լիճ (նաև`   Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։  Ծովի մակերևույթից բարձր է 1900 մ: Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է՝ Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։

Ձկնատեսակները
Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով`   գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են: Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում: 1924 թվականից Լադոգա և Չուդ լճերից Սևան է բերվել սիգը, որը շատ արագ բազմացավ և ունի արդյունագործական նշանակություն: Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը: Ջրի մակարդակի իջնելը, որը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր: Այն հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման: 80-ականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը`   Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար: Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից: Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի ջերմաստիճանը և այդ պատճառով տուժում են ձկներն ու բուսատեսակները, որոնք սովոր էին սառը ջրին:
February 3

Գեղարքունիքի մարզ

Մարզկենտրոնը`   Գավառ (քաղաք)
Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Կամոյի անվան շրջան, Կրասնոսելսկի շրջան, Մարտունու շրջան, Սևանի շրջան, Վարդենիսի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   87 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   93 բնակավայր
Ընդհանուր տարածք`   5,348 կմ²
Բնակչության թիվը (ըստ 01.01.2002թ. տվյալների)`   278,600
Բնակչության խտությունը`   52.1/կմ²Հայաստանի Հանրապետության իր տարածքով ամենամեծ մարզը Գեղարքունիքի մարզն է: Մարզի տարածքի 1/4-ը ծածկված է ջրով: Մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի մի հատվածը, հիմնականում Գեղարքունիքի, Սոդքի և Արեգունու գավառները:
Մարզի բնական պայմանները և հարստությունները
Գեղարքունիքի մարզը հիմնականում զբաղեցնում է Սևանա լճի ջրհավաք ավազանը: Գեղամա և Վարդենիսի լեռներում բազմած են տասնյակ հրաբխային կոներ: Հատկապես ուշագրավ են Աժդահակ և Արմաղան հրաբուխները, որոնց ձագարաձև խառնարաններում գոյացել են գեղեցիկ լճակներ: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռը ցրտաշունչ է, ամառը` տաք: Աևանա լիճը նկատելիորեն մեղմացնում է ափամերձ գոտու ձմռան սառնամանիքը և ամռան շոգը:
Գեղարքունիքի մարզում կարելի է հանդիպել նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջանների բերդերի, ամրոցների, բնակավայրերի, հնավայրերի հետքեր, սեպագիր արձանագրություններ: Լճից ազատված տարածքներից հայտնաբերվել են մինչև հինգհազարամյա հնության դամբարաններ:
Մարզի բնակչությունը
Դարերի ընթացքում մեծ փոփոխություններ է կրել մարզի բնակչության թե´ թվաքանակը, թե´ ազգային կազմը: Ուշ միջնադարում մարզի տարածք են թափանցել թուրքալեզու խաշնարած ցեղերը, որոնք այստեղ գերազանց արոտավայրեր են գտել: Տեղաբնիկների`   հայերի թիվը պակասել է: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո մարզի տարածքում վերաբնակեցվել են զգալի թվով հայեր Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև`   ռուս աղանդավորներ: Ներկայումս Գեղարքունիքի բնակչության ազգային կազմը միատարր է: Վերջին տարիներին ադրբեջանա-հայկական հակամարտության սկզբում ադրբեջանցիները, որ համեմատաբար մեծ թիվ էին կազմում մարզի արևելյան մասում, տեղափոխվեցին Ադրբեջան: Ազատված գյուղերում բնակություն հաստատեցին Ադրբեջանից փախած հայերը:
Քաղաքները
Գեղարքունիքի մարզկենտրոնն է Գավառը: Այն հիմնադրել են 1830թ. Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից վերաբնակեցված հայերը`   պատմական Գավառականի տեղում: Խորհրդային իշխանությունների տարիներին քաղաքը կոչվել է`   սկզբում Նոր Բայազետ, ապա`   Կամո:
Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր: Նրա բնակչությունը գյուղատնտեսությունի բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով: Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը: Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, կուլտուր-լուսավորական ու առողջապահական`   մարզային նշանակության կենտրոններ:
Մարզի երկրորդ քաղաքը Սևանն է (նախկին`   Ելենովկա), որը հիմնադրել են XIXդ. առաջին կեսին կենտրոնական Ռուսաստանից աքսորված ռուս աղանդավորները: Քաղաքի արագ զարգացմանը նպաստել է նրա հարմարավետ աշխարհագրական դիրքը`   Երևան-Իջևան ու Երևան-Գավառ ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկի վրա:
February 3

Գեղարքունիք մարզի տեսարժան վայրեր

Գեղամա լեռների վիշապաքարերը
Գեղամա լեռնաշղթան գտնվում է Սևանի և Արարատյան գոգավորությունների միջև: Այն ունի հրաբխային ծագում և հարուստ է հանգած հրաբուխներով: Գեղամա լեռների միջին բարձրությունը կազմում է մոտավոր 2500 մ: Լեռնավահանի ամենաբարձր կետը Աժդահակ լեռն է (3597մ): Գեղամա լեռների ժայռապատկերները մեծաթիվ են: Այստեղ հայտնաբերվել նաև մեծ քանակությամբ քարե առեղծվածային կոթողներ, որոնց անվանում են վիշապներ կամ վիշապաքարեր: Երկրաբանների համար Գեղամա լեռնաշղթան, իր գթածոներով, դրախտ է երկրի վրա, ինչպես նաև բոլոր լեռնագնացների համար՝ իր տպավորիչ տեսարաններով և հանգած հրաբուխներով:

Կոթավանք
Կոթավանքը կառուցել է Գրիգոր Սուփան իշխանը 851-901 թթ: Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Կառուցված է կոպտատաշ և ճեղքված բազալտով, որոշ հանգույցներ` մեծադիր, մշակված քարերով: Մուտքերն արևմուտքից և հարավից են, ունեցել են պարսպափակ բակ` կառուցված, ըստ արձանագրության, դեռևս եկեղեցուց առաջ: Սա վկայում է, որ մինչև նշված եկեղեցու հիմնարկումն էլ այնտեղ հուշարձան է եղել: Բակում կան վանական խցերի և այլ շենքերի ավերակներ: Քանդված են գմբեթը և ծածկերը: