March 14

ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փրփրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խրճիթում,
Մի հին խրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խրճիթից,
Էս հին խրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,
Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։


Posted March 14, 2021 by blogiren in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*